Վերադառնալ Էդիթ Պրինտ
«Երրորդ աղջիկը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1966-ին։
Այս անգամ Էրքյուլ Պուարոյին սովորականից առավել տարօրինակ մի գործ է սպասում գլուխ բերել, քանի որ ամեն բան սկսվում է անսպասելի այցելուի՝ Նորմա Ռեսթրիքի ասած մի պարզ, բայց միևնույն ժամանակ առաջին հայացքից անհեթեթ թվացող նախադասությունից. «Հնարավոր է՝ սպանություն եմ գործել»։ Ու թեև հենց նույն պահին աղջիկը հրաժարվում է Պուարոյի ծառայություններից՝ համարելով նրան շատ ծեր, վերջինս որոշում է պարզել ճշմարտությունը։
Ու ամեն բացահայտված նոր փաստ, որ իրականում ավելի ու ավելի է խճճում առաջին հայացքից պարզ թվացող իրադարձությունների շարքը, գործի հետ առնչություն ունեցող մարդկանց ով լինելն ու նրանց արարքների դրդապատճառները, ի վերջո օգնում է Պուարոյին այդ մեծ գլուխկոտրուկի յուրաքանչյուր մասնիկ դնել իր տեղում, և ընթերցողի առջև հայտնվում է լիովին անսպասելի մի պատկեր։
Դետեկտիվի թագուհու՝ Ագաթա Քրիստիի՝ գրքին գամող առեղծվածային պատմությունները տասնամյակներ շարունակ «հանգիստ չեն տվել» միլիոնավոր ընթերցողների: Նրա գրքերը տպագրվել են ավելի քան 2 միլիարդ օրինակով, թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնի և Ուիլյամ Շեքսպիրի հրատարակություններից: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված գրքերի հեղինակ: Համաշխարհային գրականության ամենախորհրդավոր դետեկտիվ պատմություններն ու կերպարները կերտած բրիտանացի գրողն իր ժանրում նմանը չունեցող ժառանգություն է թողել աշխարհին: